Շաքարավազի միջազգային շուկայում լարվածությունը մասամբ կչեզոքանա` պայմանավորված մի շարք հիմնական արտադրող երկրներում, հատկապես՝ Բրազիլիայում, Հնդկաստանում, Չինաստանում, ԱՊՀ երկրներում եւ Թաիլանդում սպասվող արտադրության ծավալների ավելացմամբ: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի 2011 թ. չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում` հղում անելով ԱՄՆ գյուղդեպարտամենտի զեկույցին:

Ըստ այդմ` շաքարավազի արտադրության կանխատեսվող ծավալները 2011/2012 տարվա համար կկազմի 168.5 մլն տոննա, ինչը պահանջարկի շուրջ 162 մլն տոննա կանխատեսվող ծավալների պայմաններում կենթադրի պաշարների որոշակի համալրում:

Պաշարների վերականգնումը հատկապես ակնառու կլինի վերջին տարիներին էական կրճատում արձանագրած երկրներում, մասնավորապես՝ Հնդկաստանում: Նման պայմաններում առաջիկա 1 տարում սպասվում է շաքարավազի գների որոշակի նվազում: Նշվել է սակայն, որ Թաիլանդում տեղի ունեցած ջրհեղեղների ազդեցությունը սպասվող բերքի վրա դեռեւս որոշակիորեն չի գնահատվել, եւ գնաճային ռիսկեր է նախանշում շաքարավազի միջազգային շուկայում: