Իրաքի պաշտպանության նախկին նախարար Նաջահ ալ-Շամարին, որն Իրաքի և Շվեդիայի քաղաքացիություն ունի, ձերբակալվել է Ստոկհոլմի օդանավակայանում: Ըստ իշխանությունների՝ նա կասկածվում է սկանդինավյան երկրում անօրինական նպաստներ ստանալու մեջ։

Դատախազ Յենս Նիլսոնը շվեդական SVT հեռուստաալիքին հայտնել է, որ ալ Շամարին արդեն մեկուկես տարի հետախուզվում էր:

Ավելի վաղ շվեդական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրաքի պաշտպանության նախկին նախարարը երկար տարիներ դիմել է իր երեխաների և կացարանի համար նպաստ ստանալու խնդրանքով՝ հակառակ նրան, որ ապրում էր Բաղդադում: 2019-ին շվեդական TT գործակալությունը տեղեկացրել էր, որ ալ- Շամարին հաշվառված է Ստոկհոլմի արվարձաններից մեկում։

«Expressen»-ի տեղեկություններով՝ նա Շվեդիա էր տեղափոխվել 2011-ին, քաղաքացիություն ստացել՝ 2015-ին՝ կնոջ հետ հայտնվել իշխանությունների տեսադաշտում՝ նպաստներին առնչվող խարդախությունների կասկածանքով, և Իրաք վերադառնալուց տարիներ անց էլ, իբրև, շարունակել սոցիալական վճարներ պահանջել: