Հռոմեական վեհաշուք նստավայրը, որում տեղակայվել էր Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բոռլուսկոնիի քաղաքական շտաբ-բնակարանը և որտեղ, ըստ պնդումների, կազմակերպվել են սեքս-երեկույթներ, վերածվել է արտասահմանյան մամուլի կենտրոնի, հայտնում է Reuters-ը:

Նախորդ տարվա հունիսին 86 տարեկանում մահացած Բեռլուսկոնին գերիշխող դիրք ուներ Իտալիայի քաղաքական կյանքում դեռ նախորդ դարի 90-ականներից և ներգրավված էր կոռուպցիոն պատումներում ու սեքս-սկանդալներում: 1996-2020 թվականներին նա զբաղեցրել է Պալացցո Գրացիոլի դղյակի մի հատվածը:

1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի այս հատվածն այժմ վերածվել է գրասենյակի և մամուլի ասուլիսների կենտրոնի՝ նածատեսված Իտալիայի Արտասահմանյան մամուլի ասոցիացիայի 450 անդամի համար:

Իտալիայի կառավարությունն ավանդաբար վճարում է ասոցիացիայի վարձակալության գումարը:

Վենետիկի կենտրոնական հրապարակին կից շքեղ գրասենյակը երեքշաբթի հանդիսավոր բացել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան:

Սա միլիարդատար Բեռլուսկոնիի բազմաթիվ տներից մեկն է Իտալիայում, որտեղ նրա բնակության ընթացքում տեղակայված էր անխոցելի ապակուց լուսամուտներով գրասենյակը, որտեղ աչքի էր ընկնում Բեռլուսկոնիի մտերիմ ընկերոջ՝ ՌԴ նախագահ Պուտինի նվիրած ամպհովանիով երկտեղանոց մահճակալը։