Եվրամիության անդամ դառնալու Թուրքիայի ռազմավարական տեսլականը մնում է ուժի մեջ, սակայն ԵՄ-ի կողմից չկա տեսանելի քաղաքական կամք նման երկխոսություն վարելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ իսպանացի գործընկեր Խոսե Մանուել Ալբարեսի հետ բանակցություններից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։
«Թուրքիան շարունակում է իր ապագան տեսնել Եվրոպայում։ Ինչպես ավելի վաղ հաստատել էր մեր նախագահը, ԵՄ-ին անդամակցելու Անկարայի ռազմավարական տեսլականը չի փոխվել։ Միգուցե մեզ համար ավելի հեշտ է զարգացնել հարաբերությունները ԵՄ առանձին երկրների հետ, սակայն ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը կապված է կոնսենսուսային որոշումների ընդունման հետ։ Սա միշտ չէ, որ մեր օգտին է ստացվում: Բանակցային գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է ԵՄ առանցքային երկրների քաղաքական կամքը։ Այն գոյություն ուներ 2004-ին և 2005-ին, բայց հետո փոխվեց՝ իր տեղը զիջելով այլ քաղաքական դիրքորոշմանը Թուրքիայի նկատմամբ»,- ասել է Ֆիդանը։
Նախարարը հիշեցրել է, որ Բրյուսելի հետ բանակցային գործընթացի օրակարգում մնում են չլուծված հարցեր, մասնավորապես՝ մաքսային միության ընդլայնումը, առևտրային հարաբերությունները, վիզային ռեժիմի ազատականացումը, միգրացիոն քաղաքականությունը։
«Մենք պետք է ակտիվորեն աշխատենք ԵՄ-ի հետ այս թեմաներով, բայց, ցավոք, ներկա պայմաններում մենք չենք կարողանում այդ հարցերը լուծել Եվրամիության հետ այնպես, ինչպես մենք կցանկանայինք», - ավելացրեց Ֆիդանը:





























