Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը մարտի 26-ին մասնակցել է սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը, որը կազմակերպվել է Ռուսաստանյան արտահանման կենտրոնի կողմից։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Միջոցառման նպատակն է ամրապնդել գործընկերային կապերը Հայաստանի և Ռուսաստանի գործարարների միջև, ինչպես նաև քննարկել հնարավոր համագործակցության հեռանկարները:

Ողջունելով հյուրերին՝ Աշխեն Շիրվանյանը հույս է հայտնել, որ միջոցառումը էապես կնպաստի ՀՀ և ՌԴ միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը։

«Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցով։ Այս ոլորտում համագործակցությունը թույլ կտա մեզ փոխանակվել տվյալ ոլորտում ունեցած ձեռքբերումներով և դրական փորձով՝ ապահովելով արտադրված արտադրանքի բարձր որակ և հուսալիություն», - նշել է Աշխեն Շիրվանյանը։

Միջոցառմանը մասնակցել են մոտ 20 ռուսական ընկերություններ, որոնք ներկայացրել են իրենց արտադրանքը։