Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում է գնդապետ Թիմուր Մյասնիկովը, ով ծառայել է Հետախուզության գլխավոր վարչության(ГРУ) հատուկ ջոկատում և մասնակցել Ուկրաինա ներխուժմանը։

Մյասնիկովի մահվան մասին, գրում է Медиазона-ն, հայտնել է Սուվորովի անվան զորավարժարանների շրջանավարտների հեռագրային ալիքը և Ռուսաստանի սպաների կազմակերպության Սամարայի մասնաճյուղի ղեկավար Արթուր Մալիվանչուկը։

Մալիվանչուկի խոսքով՝ Մյասնիկովն ահաբեկչության ժամանակ ստացել է 3 գնդակային վիրավորում, որից մի քանի օր անց մահացել է՝ չնայած բժիշկների՝ կյանքը փրկելու փորձերին։

Մալիվանչուկը պնդում է, որ ահաբեկչության ժամանակ ГРУ-ի գնդապետին «հաջողվել է անվտանգ վայր հրել կնոջն ու որդուն, իսկ ինքը հայտնվել է ուժեղ կրակի տակ»։

Մյասնիկովը, ուշադրություն է հրավիրում Медиазона-ն, նշված էր ահաբեկչության հաջորդ օրն ԱԻՆ-ի հրապարակած վիրավորների ցուցակում։

«Ռուսաստանի սպաների» Սամարայի մասնաճյուղի ղեկավարն ասել է, որ Մյասնիկովը «ծառայել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի երրորդ հատուկ նշանակության բրիգադում և արժանացել բազմաթիվ մարտական ​​շքանշանների ու մեդալների»։

Գնդապետն ահաբեկչությունից մի քանի օր առաջ Ուկրաինայի մարտական ​​գոտուց եկել էր Մոսկվա՝ ընտանիքին տեսակցելու։ Նախկինում, ըստ Մալիվանչուկի, Մյասնիկովը ծառայել է Տաջիկստանում և Կոսովոյում։

Ռուսական տվյալների բազաներից արտահոսքի համաձայն՝ սպան գրանցված է եղել Զնամենկա 19 հասցեում, որը գլխավոր շտաբի շենքն է, գրում է Медиазона-ն։