Այսօր` նոյեմբերի 14-ին, Շաքարային դիաբետի դեմ պայքարի  միջազգային օրն է. (World Diabetes Day): Այն 1991թ.  ներմուծվել է Դիաբետի միջազգային ֆեդարացիայի(International Diabetes Federation) եւ առողջապահության համաշխարհային կազմակեպության կողմից (World Health Organization) :

1891թ. այս օրը ծնվել է կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգը, որը 1922թ. հունվարին փրկել է ծանր շաքարային դիաբետով հիվանդ 14-ամյա մի տղայի կյանք` առաջին անգամ ինսուլին ներարկելով: Դեղամիջոցի մշակման աշխատանքներին մասնակցել է Բանտինգի գործընկեր Չարլզ Բեսթը:

1923թ. Ֆրեդերիկ Բանտինգը Նոբելյան մրցանակ է ստացել, եւ քանի որ Բեսթի վաստակը անուշադրության էր մատնվել, նա իր Նոբելյան մրցանակի կեսը տվել է գործընկերոջը,  գրում է «ԱիՖ»-ը:

2007թ.-ից Շաքարային դիաբետի դեմ պայքարի  միջազգային օրը նշվում է ՄԱԿ-ի հովանավորությամբ:

IDF-ի տվյալներով` 2011թ. դրությամբ աշխարհում շաքարային դիաբետով հիվանդ 366 մլն մարդ կա: Ամեն հինգ վայրկյանը մեկ տվյալ հիվանդությամբ տառապողների թիվն ավելանում է մեկով, ամեն յոթ  վայրկյանը մեկ դիաբետով տառապող  հիվանդ է մահանում: Տարվա ընթացքում կյանքից հեռանում է շաքարային դիաբետով հիվանդ գրեթե 5 մլն մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 

Ըստ Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալների` 2010թ. շաքարային դիաբետից մահացությունը կազմել է 5%, եւ, 1990թ. համեմատ, աճել  գրեթե երեք անգամ: Շաքարային դիաբետից մահացությունն աճում է տարիքի հետ: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 60-75 տարեկան եւ բարձր տարիքային խմբում: 2010թ., 1990թ. համեմատ, Շաքարային դիաբետով հիվանդացությունը աճել  1,5 անգամ: Մարզերում շաքարային դիաբետի  տարածվածության  հետազոտությունները ցույց են տվել, որ ամենաբարձր ցուցանիշները Երեւանում են:

Հայաստանում շաքարային դիաբետով գրանցված հիվանդների թիվը 50000 է, նրանցից 10 հազարը ինսուլին են ստանում: