2011-ին Ռուսաստանի ակտիվացումը որպես միջնորդ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում համաձայնեցվել է մյուս համանախագահող երկրների, առաջին հերթին ԱՄՆ-ի հետ: Այդ մասին նոյեմբերի 14-ին կայացած ասուլիսում հայտարարել է Սեւծովյան-Կասպիական տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից, քաղաքագետ Անդրեյ Արեշեւը:

«Անհաջողությունը օրինաչափ էր, քանի որ ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է շատ հարմար մեխանիզմ տարածաշրջանային այլ խնդիրների լուծման համար: Մադրիդյան սկզբունքները պետք չեկան, սակայն այն ուրվագիծն էր, որի շուրջ բանակցություններ են տարված»,-նշել է Արեշեւը:

Քաղաքագետի խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցային գործընթացը շարունակվելու է, ոչ ոք չի ցրելու ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ինչ վերաբերվում է Ռուսաստանի քաղաքականությանը, ապա, Արեշեւի խոսքով, եթե քաղաքականությունը հստակեցվի, դա կնպաստի իրադրության կարգավորմանը:

«Որքան ուժեղ է Ռուսաստանը Կովկասում, այնքան շատ երաշխիքներ կան, որ Լեռնային Ղարաբաղը չի ենթարկվի լայնամասշտաբ միջամտությանը: Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրության պայմաններում ես հնարավորություն չեմ տեսնում դիվանագիտական բեկման համար, քանի որ նախընտրական ժամանակաշրջան է սկսվում, Հայաստանը ոչ դյուրին նախընտրական ժամանակաշրջանում է, Ռուսաստանը եւս նախընտրական փուլում է: Իմ կարծիքով, նվազագույնը կես տարվա ընթացքում կարելի է մոռանալ բեկումնային գաղափների մասին»,-հայտարարել է քաղաքագետը: