Դիարբեքիրում «Հրանտ Դինքի միջազգային հիմանդրամի», Դիարբեքիրի քաղաքապետարանի, Դիարբեքիրի առեւտրաարդյունաբերական պալատի եւ Քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպվել է «Դիարբեքիրը եւ շրջակայքի հասարակական ու տնտեսական  պատմությունը» կոնֆերանսը։

Դիարբեքիրի տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կոնֆերանսին մասնակցած Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն իր ելույթի ժամանակ անդրադարձել է Դիարբեքիրի պատմության մեջ հայերի մեծ դերակատարությանը։ «Առանց անցյալն իմանալու, դրա հետ առերեսվելու եւ ընդունելու, հնարավոր չէ ունենալ լուսավոր եւ ազատ ապագա»,-նշել է Օսման Բայդեմիրը՝ շեշտելով, որ իրենք նորոգելով Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ նորոգեցին իրենց խիղճը։

Թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանն իր հերթին նշել է, թե 1915-ը Թուրքիայում խորքային պետության առաջին գործողությունն էր՝ շեշտելով, որ հետագա տարիներին Թուրքիայի հանրապետությունը չի թույլատրել հայերին վերադառնալ իրենց տները եւ բռնագրավել է նրանց ունեցվածքը։

Կոնֆերանսին մասնակցել են մեծ թվով մտավորականներ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Դիարբեքիրից ընտրված պատգամավորը, Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը եւ այլոք։