Հայաստանում վերջին չորս տարիներին ժողովրդավարության աջակցման ամենաբարձր աճն է արձանագրվել` 28%, որի հետեւանքով այն հետսոցիալիստական երկրների շրջանում 26-րդ տեղից տեղափոխվել է 2-րդ տեղ` 2010թ. առաջատար Տաջիկստանից հետո: Այս մասին նշված է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) անցումային տնտեսությամբ երկրների զարգացման մասին տարեկան հաշվետվությունում, որը ներկայացրել է ՌԻԱ - Նովոստի գործակալությունը:
Ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսական ճգնաժամը նվազեցրել է անցումային տնտեսությամբ երկրների ժողովրդավարության մակարդակը 10%-ով, ընդ որում`տարածաշրջանի ավելի զարգացած երկրներում այն ավելի շատ է իջել, իսկ ԱՊՀ երկրներում, հակառակը, աճել է:
ՎԶԵԲ-ի տարածաշրջանում, որը ներառում է հետսոցիալիստական տնտեսությամբ երկրներն ու Թուրքիան, ժողովրդավարության աջակցության մակարդակը ճգնաժամի պատճառով իջել է 63-64%-ով` 2006թ. 73-74%-ի համեմատ:
Ուսումնասիրությունն անցկացվել է 2010թ.` տարածաշրջանի երկրների 39 000 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների միջոցով:
Այն երկրներում, որտեղ մարդիկ ավելի շատ են տուժել վերջին ժամանակների ճգնաժամից, ժողովրդավարության սկզբունքներին ավելի քիչ են հավատարիմ մնացել: Ինչպես ցույց են տալիս զեկույցում բերված տվյալները, ժողովրդավարության եւ շուկայական տնտեսության իդեալները կորցրել են անցումային ճանապարհին առավել բարձր ցուցանիշներ ունեցող երկրների բնակչության աջակցությունը:
Ըստ հետազոտության արդյունքների` ՎԶԵԲ-ի տարածաշրջանում ժողովրդավարության աջակցության ամենաբարձր ցուցանիշները 2006թ.-ից պահպանել են Թուրքիան, Չերնոգորիան, Մոնղոլիան, Ուզբեկստանը, Ալբանիան եւ Տաջիկստանը: Նախորդ չորս տարիներին նրանց են միացել Վրաստանը, Ղազախստանը, Բելառուսը եւ Հայաստանը: Բարեփոխումների ճանապարհին առավել հաջողությունների հասած երկրներից ժողովրդավարության աջակցությունը կտրուկ նվազել է Սլովակիայում, Սլովենիայում եւ Հունգարիայում, ընդ որում` Սլովակիայում այն ընկել է 20%-ից ավելի:
Ռուսաստանում ժողովրդավարության հանդեպ վստահության ցուցանիշը ճգնաժամի ընթացքում թեթեւակի բարձրացել է`2006թ. 36%-ից հասնելով 38%-ի:




























