Հեռուստահաղորդավարուհի, ձեռնարկատեր և 1998 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հետ հարաբերությունների պատճառով ծագած խոշոր սկանդալի նախկին մասնակից Մոնիկա Լևինսկին Սպիտակ տունը «գժանոց» է անվանել: Նա իր նախկին աշխատանքի վայրի մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։

Լևինսկին միացել է թրենդին, որի շրջանակում սոցիալական ցանցերի օգտատերերը մեջբերում են Թեյլոր Սվիֆթի՝ «Ո՞վ է վախենում փոքրիկ ծերուկից»  նոր երգից՝ իրենց փորձառությունների վայրերին և առարկաներին առնչվող պատկերներ զետեղելով. « Դու մեկ ժամ էլ չէիր դիմանա հոգեբուժարանում, որտեղ նրանք ինձ պահում էին»:

50-ամյա Լևինսկին հրապարակել է Սպիտակ տան լուսանկարը, որտեղ նա 1995 թվականին փորձնակ էր աշխատում: Մոնիկա Լևինսկին սկանդալի մեջ է հայտնվել, երբ իր անձնական կյանքի մանրամասները պատմել է գործընկերոջը՝ պաշտպանության նախարարության աշխատակցուհի Լինդա Թրիփին։

Վերջինս գաղտնի ձայնագրել է իրենց հեռախոսային խոսակցությունները, իսկ ավելի ուշ այդ ձայնագրությունները տրամադրել լրագրողներին։ ԱՄՆ նախագահն ի սկզբանե հերքում էր իր կապը, սակայն ճշմարտությունն այնուամենայնիվ բացահայտվել է, և գործի հանգամանքները սպառնում էին Քլինթոնի պաշտոնազրկման հիմք դառնալ, երբ  հանրապետականները իմփիչմենթի գործընթաց սկսեցին։

2014 թվականին Լևինսկին սյունակ է գրել Vanity Fair-ի համար, որտեղ ինքն իրեն անվանել է «կիբերբուլինգի մոլեգնող համաճարակի առաջին զոհ»:

«Եթե իր կյանքի ամենամութ պահին բռնության զոհը կարող է մի պահ հիշել, որ եղել է մի կին, որին ատել և նվաստացրել է ամբողջ աշխարհը, և այդ կինը ողջ է մնացել, ինչը նշանակում է, որ բոլորի համար հույս կա, իմ փորձն իզուր չի լինի»,- գրել է Մոնիկա Լևինսկին։