Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որը հարվածի տակ էր ընկել փողերի լվացման զանգվածային սկանդալի պատճառով, ըստ ճապոնական լրատվամիջոցների հարցումների և նախնական արդյունքների, կարծես թե կորցրել է բոլոր երեք մանդատները կիրակի կայացած խորհրդարանական լրացուցիչլ ընտրություններում:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պարտությունը ընտրողների կողմից դիտվում է որպես պատիժ՝ տասնամյակներ շարունակվող կոռուպցիոն պատմության մեջ նրա ներգրավվածության համար, որը բռնկվեց անցյալ տարի և խարխլեց Կիսիդայի առաջնորդությունը: Սակայն նրա կուսակցությունը դժվար թե կորցնի իշխանությունը ընդդիմության պառակտման պատճառով:
«Արդյունքները չափազանց դաժան էին, - Տոկիոյում լրագրողներին է ասել կուսակցության գլխավոր քարտուղար Տոշիմիցու Մոտեգին:- Մենք խոնարհաբար ընդունում ենք դաժան արդյունքները և կանենք ամեն ինչ՝ վերականգնելու հանրության վստահությունը՝ շարունակելով բարեփոխումների և խնդիրների լուծման մեր ջանքերը»:
Ճապոնիայի գլխավոր ընդդիմադիր լիբերալ Սահմանադրական-դեմոկրատական կուսակցությունն, անկասկած, կստանա բոլոր երեք տեղերը Սիմանեում, Նագասակիում և Տոկիոյում, համաձայն ազգային հեռուստատեսության NHK-ի, Kyodo News-ի և այլ լրատվամիջոցների անցկացրած exit poll-ի:
Վերջնական արդյունքները հայտարարվելու են երկուշաբթի վաղ առավոտյան։
Սիմանե պրեֆեկտուրայում կրած պարտությունը հատկապես ցնցող էր իշխող կուսակցության համար և կարող է խաթարել Կիսիդայի ազդեցությունը, քանի որ կուսակից օրենսդիրները կարող են փորձել հեռացնել նրան, որպեսզի նոր դեմքով ներկայանան հաջորդ համընդհանուր ընտրություններին: Նման քայլը կկործանի սեպտեմբերին կուսակցության նախագահական մրցավազքին մասնակցելուԿիսիդայի հույսերը: Նա կարող է ընտրություններ նշանակել ցանկացած պահի մինչև ստորին պալատի ներկայիս ժամկետի ավարտը՝ 2025 թվականի հոկտեմբերը:
Կոռուպցիոն սկանդալի կենտրոնում էին հայտնվել չգրանցված քաղաքական միջոցները, որոնք հավաքվել էին կուսակցական միջոցառումների տոմսերի վաճառքով։ Արդյունքում հունվարին քրեական պատասխանատվության է ենթարկվել 10 հոգի՝ օրենսդիրներ ու նրանց օգնականներ։
Իշխող կուսակցության ավելի քան 80 օրենսդիր, որոնց մեծ մասը սպանված նախկին վարչապետ Սինձո Աբեի գլխավորած խոշոր կուսակցական խմբակցությունից էին, խոստովանել են, որ ֆինանսական միջոցների մասին չհայտնելը քաղաքական հիմնադրամների վերահսկողության օրենքի հնարավոր խախտում է: Ենթադրվում է, որ բազմամյա պրակտիկայից ստացված գումարները փոխանցվել են չվերահսկվող հիմնադրամների։





























