Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է NASAMS հակաօդային պաշտպանության համակարգերի լրացուցիչ գնման մասին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Patriot համակարգերը չափազանց թանկ են բյուջեի համար։ Դրա մասին հայտարարել է պաշտպանության նախարար Լաուրինաս Կասչյունասը։
«Մենք ունենք մեկ միջին հեռահարության NASAMS ՀՕՊ համակարգ, պաշտպանում է ուղղաթիռներից, թևավոր հրթիռներից, բայց անարդյունավետ է բալիստիկ հրթիռների դեմ, դրանց դեմն առնում է միայն Patriot-ը։ Սակայն մեզ համար շատ դժվար է Patriot գնելը, քանի որ մեկ համակարգը 1,5 միլիարդ եվրո է, իսկ մեր բյուջեն երկու միլիարդ է։ Ուստի պետք է տարածաշրջանային լուծում գտնել»,- ասել է Կասչյունասը:
Լիտվայի ռազմական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Նորվեգիայից կգնեն NASAMS երրորդ համակարգը և կշարունակեն ամերիկյան զրահատեխնիկայի գնումը։ Դրան հասնելու համար Լիտվան իր ռազմական ծախսերը կհասցնի ՀՆԱ-ի 3%-ին:





























