Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի հայտարարել է, թե Հաագայի Միջազգային քրեական դատարանն իրավասու չէ Իսրայել պետության նկատմամբ, սակայն Իսրայելի պաշտոնյաների և զինվորականների ձերբակալության օրդեր տրամադրելու հնարավոր որոշումը «պատմական մասշտաբի աղմուկ կբարձրացնի։
Ժողովրդին ուղղված հատուկ տեսաուղերձում Նեթանյահուն ընդգծել է, որ աշխարհում ոչինչ, ներառյալ ՄՔԴ-ի հնարավոր որոշումը, չի փոխի Իսրայելի՝ Գազայի պատերազմում նպատակներին հասնելու և Ռաֆահում՝ Եգիպտոսի հետ սահմանին գործողություն իրականացնելու վճռականությունը:
Ըստ Նեթանյահուի, Իսրայելի պաշտոնյաների և զինվորականների ձերբակալման օրդերների տրամադրումը կլինի առաջին դեպքը, երբ ժողովրդավարական երկիրը, որը պայքարում է իր գոյության համար միջազգային իրավունքի բոլոր նորմերի համաձայն, մեղադրվում է ռազմական հանցագործությունների մեջ:
«Իսրայելն ակնկալում է, որ ազատ աշխարհի առաջնորդները վճռականորեն կհակազդեն այս սկանդալային քայլին, որը կվնասի ոչ միայն Իսրայել պետության, այլև աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրների ինքնապաշտպանությանը։ Իսրայելն ակնկալում է, որ այդ առաջնորդները կօգտագործեն իրենց ամբողջ ազդեցությունը և իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ կանխելու համար այս վտանգավոր քայլը, որը բարոյական և պատմական սնանկություն կլինի», - ընդգծել է Իսրայելի վարչապետը։





























