Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ն նոյեմբերի 15-ին հանդիպել քաղաքական գործիչ եւ գործարար, Սահակաշվիլիի գլխավոր մրցակից Բիձինա Իվանաշվիլիի հետ:
Հանդիպման ավարտին պատրիարքը լրագրողներին հայտնել է, որ իրենք զրուցել են Վրաստանի ապագայի մասին, իսկ քաղաքական գործիչը նշել է, որ շատ իմաստուն խորհուրդներ է ստացել, որոնք անպայման հաշվի կառնի իր հետագա գործունեության ընթացքում: Զրույցի այլ մանրամասներ կողմերը չբացահայտեցին, հայտնում է «Գռուզիա-Online»-ը: http://www.apsny.ge/
Հիշեցնենք, նոյեմբերի 13-ին կիրակնօրյա պատարագի ընթացքում Իլյա Բ-ն կոչ էր արել գործարար Բիձինա Իվանաշվիլիին Վրաստանի քաղաքացիություն շնորհել: Նա համոզմունք էր հայտնել, որ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հաշվի կառնի իր խոսքերը եւ Իվանաշվիլիին քաղաքացիություն կտա:
Միեւնույն ժամանակ, Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն ասել է, որ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վարչակազմը առայժմ վրացի միլիարդատեր Բիձինա Իվանաշվիլիին քաղաքացիություն շնորհելու հարցի վերաբերյալ մեկնաբանություններ չի տա, հայտնում է «Վրաստանն այսօր»-ը: http://www.georgiatimes.info/
Հիշեցնենք, գործարար եւ մեկենաս Բիձինա Իվանաշվիլին հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ մտադիր է կուսակցություն ստեղծել եւ մասնակցել Վրաստանի խորհրդարանական ընտրություններին:
Ավելի ուշ պարզվել էր, որ Իվանաշվիլին զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի քաղաքացի է:




























