Կանադայի խորհրդարանում, նոյեմբերի 15-ին, տեղի է ունեցել անդրանիկ հանդիպում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի եւ վերստին կազմավորված Կանադա-Հայաստան բարեկամության խմբի անդամների միջեւ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խմբում ներգրավված են 18 պատգամավորներ` Կանադայի Պահպանողական (իշխող), Ազատական եւ Նոր Ժողովրդավարական կուսակցություններից:
ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ արդի մարտահրավերները:
Կողմերը կարեւորել են հայ-կանադական բարեկամության ամրապնդման, մասնավորապես՝ միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցերը: Դեսպանը երախտագիտություն է հայտնել պատգամավորներին Կանադայի Խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման համար:
Հանդիպման վերջում դեսպանը պատասխանել է խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտի եւ այլ անդամների հարցերին:




























