Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` նոյեմբերի 16-ին, հանդիպել է աշխատանքային այցով Երեւան ժամանած Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Բակոնսկիին եւ նրա հետ քննարկել քաղաքական, տնտեսական, գիտակրթական եւ գիտատեխնիկական ոլորտներում փոխգործակցությունը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը նշել է, որ երկու երկրների ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամությունը նպաստավոր հիմք է հանդիսանում հայ-ռումինական հարաբերությունների զարգացման համար: Նա հույս է հայտնել նաեւ, որ այս այցելությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
Շնորհակալություն հայտնելով Երեւան այցելելու հրավերի եւ ընդունելության համար` նախարար Բակոնսկին նշել է, որ իր Երեւան այցի նպատակն է խթանելու բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը:
Հայաստանի եւ Ռումինիայի արտգործնախարարները քննարկել են նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մշակութային կապերի ակտիվացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Զրույցի ընթացքում երկուստեք կարեւորվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների եւ միջխորհրդարանական վեհաժողովների շրջանակներում խորհրդատվությունների եւ փոխայցելությունների անցկացումը, ապակենտրոնացված համագործակցության խթանումը:
Արտգործնախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել հայ համայնքի եւ ռումինահայ մշակութային ժառանգության պահպանման հանդեպ Ռումինիայի իշխանությունների հոգատար վերաբերմունքի համար:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան–ԵՄ համագործակցությունը, Արեւելյան գործընկերության շրջանակներում տեղի ունեցող գործընթացները: Այս առումով նախարար Բակոնսկին բարձր է գնահատել Հայաստանի քայլերը ԵՄ հետ համագործակցության ընդլայնման եւ Արեւելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում:
Բանակցություններին Հայաստանի եւ Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ: Երկուստեք վերահաստատվել է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի միմիայն խաղաղ բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի սկզբունքների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա:




























