Շվեդիայի ոստիկանությունը թույլ է տվել Շվեդիայի հարավում՝ Մալմյո քաղաքում Եվրատեսիլի երաժշտական մրցույթի նախօրեին միջոցառում անցկացնել, որի ժամանակ կազմակերպիչը մտադիր է այրել Ղուրանը։
Ըստ Göteborgs-Posten պարբերականի՝ ցույցը տեղի կունենա ուրբաթ կեսօրին՝ պաշտոնական մրցութային միջոցառումների մեկնարկի նախորդ օրը, քաղաքի կենտրոնական Գուստավ Ադոլֆի հրապարակում։ Ոստիկանությունը դիմումներ է ստացել նաև շաբաթ և կիրակի օրերին նմանատիպ միջոցառումներ անցկացնելու խնդրանքով։
Մայիսի 9-ին և 11-ին Մալմյոյում նախատեսվում է պաղեստինամետ երկու ցույց։ Մայիսի 9-ին կանցկացվի նաև իսրայելամետ բողոքի ցույց։
Շվեդիայի ոստիկանությունն ու անվտանգության ուժերն արդեն պատրաստվում են ապահովել մրցույթի անվտանգությունը, որի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 7-ին և 9-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 11-ին։ Տարբեր երկրներից կժամանի մոտ 100 հազար մարդ՝ քաղաքի բնակչության մոտավորապես մեկ երրորդի չափով։ Միջոցառման անվտանգությունն ապահովելու են մեծ թվով ոստիկաններ, թեև նրանց ստույգ թիվը դեռևս չի հաղորդվում։





























