Եգիպտոսում Պաղեստինի դեսպանատունը պատերազմի ժամանակ Գազայից ժամանած տասնյակ հազարավոր մարդկանց համար ժամանակավոր կացության թույլտվություն է փնտրում, ինչը, ըստ դեսպանատան, մինչև հակամարտության ավարտը կթեթևացնի նրանց կյանքի պայմանները։

Կահիրեում Պաղեստինի դեսպան Դիաբ ալ-Լուհը հայտարարել է, որ Եգիպտոսի սահմանը հատած շուրջ 100 հազար պաղեստինցի փաստաթղթեր չունի երեխաներին դպրոցում տեղավորելու, բիզնես ծավալելու կամ բանկային հաշիվ բացելու, ճանապարհորդելու կամ բժշկական ապահովագրություն ստանալու համար, թեև ոմանք փող վաստակելու ուղիներ են գտել:

Ըստ Reuters-ի՝ ալ-Լուհն ընդգծել է, որ կացության թույլտվությունները կտրվեն միայն իրավական և մարդասիրական նպատակներով: Նա հավելել է, որ հոկտեմբերի 7-ին սկսված պատերազմից հետո ժամանածները Եգիպտոսում բնակություն հաստատելու մտադրություն չունեն։

«Մենք խոսում ենք բացառիկ իրավիճակում հայտնված կատեգորիայի (մարդկանց) մասին։ Մենք պետությանը խնդրել ենք նրանց տրամադրել ժամանակավոր կացության թույլտվություն, որը կարող է երկարաձգվել մինչև Գազայի ճգնաժամի ավարտը»,- ընդգծել է ալ-Լուհը։