Վերջին ամիսներին Ուկրաինան Դոնեցկի շրջանի արևելքում զիջում է դիրքերը Ռուսաստանին։ Ու թեև Միացյալ Նահանգները վերջապես հավանություն է տվել Կիևին ռազմական աջակցության համար 61 միլիարդ դոլար հատկացմանը, Ուկրաինայի Զինված ուժերը պնդմամբ դա բավարար կլինի միայն առաջնագիծը պահելու ու, միգուցե կորցրած դիրքերից մի քանիսը վերականգնելու համար, գրում է Euronews-ը։
Ըստ պարբերականի՝ իրավիճակը զգալիորեն վատթարացավ արևմտյան դաշնակիցների խոստացած զենքի և ռազմամթերքի լուրջ անբավարարության պատճառով։ Կիևում ասում են, որ ուկրաինական զորքերը «դողում են ամեն մի փամփուշտի վրա». նրանք կարող են իրենց թույլ տալ օգտագործելու օրական 2000-ից ոչ ավելի փամփուշտ, այն դեպքում, երբ ռուսական բանակն օրական ծախսում է 7000 փամփուշտ:
«Կորցրած դիրքերն ավելի են բարդացնում իրավիճակը։ Մենք պետք է հետ բերենք դրանք»,- ասել է Պաշտպանական հետազոտությունների թագավորական Միացյալ ծառայությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Էդ Առնոլդը: Նա հավելել է, որ Պուտինը հավանաբար ավելի շահեկան վիճակում է, քան վեց ամիս առաջ և կարող է հարձակման անցնել, մանավանդ, որ ուկրաինացիների համար իրավիճակը հիմա իսկապես շատ բարդ է:
Մի շարք մարտերում Ռուսաստանը կիրառել է այսպես կոչված «մարդկային ալիքի» մարտավարությունը. հիմնականում հավաքագրված բանտարկյալներից կազմված ու վատ պատրաստված զինվորները զանգվածաբար նետվում էին մարտի դաշտ, որպեսզի ուկրաինացիները մեծ քանակությամբ զինամթերք ծախսեն նրանց վրա։ Դրանից հետո արդեն մարտի մեջ են մտել առավել փորձառու, լավ պատրաստված զորքեր՝ զինված արդիական զենք-զինամթերքով։
Ուկրաինացի սպա Ալեքսանդր Մատյաշը, որը ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից կռվում է առաջնագծում, ներառյալ Բուչայում և Ավդեևկայում, զուսպ լավատես է: «Մենք հաղթելու ենք պատերազմում, բայց կորուստներն Ուկրաինայի համար կրիտիկական կլինեն։ Մարդկանց պակաս ենք զգում. պատերազմի սկզբին 38 միլիոն էինք»,- նշել է նա։ Մատյաշը ցավով արձանագրել է, որ չափազանց շատ մարդիկ են հեռանում երկրից: Նրանցից ոմանք չեն ցանկանում կռվել, ոմանք էլ ընդունակ չեն կռվելու: «Եվ եթե մենք կորցնենք շատ մարդկանց, պարզապես ի վիճակի չենք լինի պաշտպանելու մեր երկիրը: Դրա համար օգնության կարիք ունենք»,- շեշտել է ուկրաինացի սպան:





























