Ամերիկացիների մեկ երրորդի անձնական տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական ապահովագրական խոշորագույն ընկերություններից մեկի՝ UnitedHealth Group-ի բաժնի վրա փետրվարյան հարձակման արդյունքում, հայտնում է CNN-ը։
Հավանաբար, մի քանի ամիս կանցնի, մինչև UnitedHealth-ը կկարողանա նույնականացնել և ծանուցել հաքերից տուժած ամերիկացիներին: Կոնգրեսում տված ցուցմունքում դրա մասին, ըստ Ամերիկայի ձայնի, հայտարարել է ըներության գործադիր տնօրեն Էնդրյու Ուիթին։ Նա ներողություն է խնդրել խնամյալներից և բժիշկներից, խոստովանել, որ հաքերները տվյալների բազա մուտք են գործել վատ պաշտպանված համակարգչային սերվերի միջոցով: Ուիթին հաստատել է, որ թույլատրել է 22 միլիոն դոլար փրկագին վճարել հաքերներին:
Շորթիչ-ծրագրային հարձակումը փետրվարին կաթվածահար էր արել համակարգիչները, որոնք UnitedHealth-ի դուստր ձեռնարկությունը՝ Change Healthcare-ն, օգտագործում է ամբողջ երկրում բժշկական հայցերի մշակման համար:
Կիբերհարձակումը, որը սկսվել էր փետրվարի 21-ին, հանգեցրել էր դեղատների և հիվանդանոցների երկարաժամկետ խափանումների: Այս հաստատությունների անձնակազմը չէր կարողանում հաստատել հիվանդների արտոնյալ նպաստները, դեղորայք տրամադրել կամ վիրահատությունների համար ուղեգրեր դուրս գրել: Հիվանդանոցներից մեկի տվյալներով՝ բուժաշխատողները զրկվել են միլիարդավոր դոլարների վճարումներից:


























