Մենք վայր կդնենք մանդատները, որպեսզի խորհրդարանը ցրվի եւ գնա արտահերթ ընտրությունների միայն այն դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանը չմնա վարչապետի պաշտոնակատար, որպեսզի չկարողանա օգտագործել վարչական ռեսուրսը իր համար ձայներ ապահովելու նպատակով։ Այս մասին մայիսի 7-ին, Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա սա անվանել է արդարացի ընտրությունների անցկացման գլխավոր պայմանը։ Ինչ վերաբերում է անվստահություն հայտնելու հարցին, ապա այդ գործընթացը, նրա գնահատմամբ, պետք է նախաձեռնել լուրջ հանրային համախմբման պայմաններում, որպեսզի կարելի լինի արդյունք ակնկալել։

Խաչատրյանը նշել է, որ անվստահություն հայտնելու գործընթացի սկիզբը այն մանդատների քանակությամբ, որոնք ունի ընդդիմությունը, կլինի գործընթաց հանուն գործընթացի, ոչ ավելին։ «Մենք պատրաստ ենք պայքարի եւ չենք խուսափում դրանից։ Հուսով ենք, որ նման հետեւողականությամբ պայքարին կմիանան նաեւ այլ քաղաքական ուժեր եւ մեր քաղաքացիները»,- նշել է պատգամավորը։

Նա նշել է, որ ՀՅԴ-ն աջակցում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը եւ կոչ է անում միանալ դրան։ «ՀՅԴ-ն շարժման մի մասն է, եւ դա շարժում է ոչ թե իշխանության համար, այլ պայքար հանուն անկախության եւ անվտանգության։ Դրված է երկրի գոյության հարցը։ Դա իշխանության պահանջը չէ, դա ժողովրդի ձայնն է, որն ասում է, որ իշխանությունները չեն կարող ապահովել ժողովրդի անվտանգությունը։ Հուսով եմ, իշխանությունները կհասկանան, որ չեն կարող լուծել անվտանգության ոլորտի խնդիրները»,- ամփոփել է Արթուր Խաչատրյանը։