Իտալական IREN կոմունալ ընկերության ղեկավարն ու Լիգուրիայի հյուսիսարևմտյան շրջանի նախագահը ձերբակալվել են կոռուպցիայի մեղադրանքով, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Ջենովայի դատախազությանը։ Հետաքննությունն առնչվում է նավահանգստային տերմինալների կառուցմանը վերաբերող պայմանագրերի, շինարարական թույլտվությունների և լողափերի արտոնությունների տրամադրմանը, որի մասին խնդրել է Իտալիայում «Ջենովա» և «Լիվորնո» պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբների նախկին սեփականատեր, 84-ամյա գործարար Ալդո Սպինելլին:
Դատախազներն ասել են, որ անցյալ տարի IREN-ի գլխավոր տնօրեն դարձած Պաոլո Էմիլիո Սինյորինիի ձերբակալությունն առնչվում է Ջենովայի նավահանգիստների վարչության ղեկավարի նախկին պաշտոնին:
Ընկերությունը երեքշաբթի խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել և գործադիր տնօրենի լիազորությունները փոխանցել է իր նախագահին ու փոխնախագահին: Նույն հետաքննության շրջանակում Ջենովան ընդգրկող Լիգուրիայի աջ կենտրոնամետ նախագահ Ջովաննի Տոտին տնային կալանքի է ենթարկվել: Մեղադրանքներն ուրվագծվել են 654 էջանոց կալանքի որոշման մեջ, որը ներառում էր գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների սղագրությունները:
Վերջին ինը տարում տարածաշրջանը ղեկավարած Տոտին վարչապետ Ջորջիա Մելոնիի կոալիցիայի մաս կազմող Noi Moderati փոքր կուսակցության անդամ է: Տոտին մեղադրվում է Ալդո Սպինելլիից և նրա որդու՝ Ռոբերտո Սպինելլիից մի շարք բիզնես բարեհաճությունների դիմաց 74 հազար 100 եվրո ստանալու մեջ։
Սինյորինին մեղադրվում է Ալդո Սպինելլիից կանխիկ 15 հազար եվրո և այլ նվերներ ստանալու մեջ, ներառյալ՝ Մոնտե Կառլոյի շքեղ հյուրանոցում գիշերակացը, հայտնել են դատախազները: Նա մեղադրվում է նաև նվերներ ընդունելու մեջ, որոնց թվում՝ Chanel-ի պայուսակ և 7200 եվրո արժողությամբ ոսկե Cartier ապարանջան, ինչպես նաև Լաս Վեգաս մեկնելու համար Ալդո Սպինելիի վարկային քարտը:





























