Եվրոպական կենտրոնական բանկը հազիվ թե մոտ ապագայում ֆինանսական ներարկումներ կիրառի ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի համաբանությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է վերլուծաբան Միքայել Վերդյանը: Նրա կարծիքով` նման քայլի հնարավորությունը կարող է քննարկվել, եթե իտալական պետական պարտքի խնդիրները գերազանցեն եվրոպական ֆինանսական կայունության (EFSF)գործիքի ֆինանսական հնարավորությունները:
Հիշեցնենք, ըստ Իտալիայի Կենտրոնական բանկի 2011թ. օգոստոսի տվյալների` երկրի պետական պարտքը կազմում է 1.9 տրիլիոն եվրո: Ինչպես այսօր նշել է Իտալիայի գանձապետարանի ներկայացուցիչ Մարիա Կանատան, պետական պարտք-ՀՆԱ հավասարակշռությունը 2011թ. վերջին, ամենայն հավանականությամբ, կկազմի 120%, սակայն դժվար թե գերազանցի:
Հաշվի առնելով Իտալիայի հատկապես վերջին շրջանում հստակ արտահայտված խնդիրները` եվրագոտու դժվարությունները կարող են վերածվել համակարգայինի, կարծում է փորձագետը: EFSF-ն անհրաժեշտության դեպքում չի կարող մարել իտալական պարտքը. «Վերջին ատյանի վարկատուի նշանակալի դերը կարող է իր վրա վերցնել Եվրոպական կենտրոնական բանկը` վարկավորելով խնդրահարույց բանկերին, ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի համաբանությամբ: Այս սցենարը չի կարելի միանշանակորեն բացառել, սակայն մենք տեսնում ենք, որ առայժմ ԵԿԲ-ն չի պատրաստվում մասնակցել այս ծրագրին, հավանաբար մտադիր է միջոցներ ձեռնարկել միայն այն դեպքում, երբ խնդիրներն առավել կսրվեն», - ասել է Մ. Վերդյանը:
Նախորդ չորեքշաբթի` նոյեմբերի 9-ին, Իտալիայի պետական 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը հատել է 7%-ի հոգեբանական սահմանը: Ներդրողների վստահությունը վերստին վերականգնվել է, երբ եկամտաբերությունը ուրբաթ օրը նվազել է` հասնելով 6.8%-ի: «Այդ միտումը գնահատում ենք դրական: Այն թույլ է տալիս Իտալիային կրկին վարկային ռեսուրսներ ներգրավել համաշխարհային շուկայում: Լավատեսություն է ներշնչում նաեւ այն, որ Իտալիայի տնտեսությունը, ի տարբերություն Հունաստանի եւ Պորտուգալիայի, բյուջեի լուրջ դեֆիցիտ չունի եւ ընդունակ է մարել ազգային պարտքը: Համոզված ենք, որ մինչեւ 2012 թ. 1-ին եռամսյակը Իտալիայի հարցը, ուշադրության կենտրոնում մնալով հանդերձ, այնպիսի մտահոգությունների տեղիք չի տա, ինչպիսին Հունաստանի դեպքում եղավ», - ասել է Մ. Վերդյանը:




























