Արաբական պետությունների լիգան Սիրիային վերջնագիր է ներկայացրել. բռնությունը պետք է դադարեցնել երեք օրվա ընթացքում, հակառակ դեպքում երկրի  նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կկիրառվեն:

Այս մասին Մարոկկոյում նոյեմբերի 16-ին կայացած Արաբական պետությունների լիգայի  արտահերթ նիստի վերջում հայտարարել է Քաթարի վարչապետ շեյխ Համադ բին Ջասեմ ալ Թանին:

Associated Press-ը հաղորդում է, որ Արաբական պետությունների լիգան պահանջում է Սիրիայի ղեկավարությանը ստորագրել արձանագրությունը, որի համաձայն  Սիրիա կուղարկվեն մի քանի տասնյակ միջազգային դիտորդներ: Լիգան նաեւ պահանջում է, որ դադարեցվեն իշխանական ուժերի հարձակումները ցուցարարների վրա, քաղաքներից դուրս բերվի զրահատեխնիկան, ազատ արձակվեն քաղբանտարկյալները, լրագրողներին եւ իրավապաշտպաններին թույլատրվի աշխատել երկրի տարածքում:

Միաժամանակ, ինչպես հաղորդում է «Սանա» գործակալությունը, նոյեմբերի 16-ին երկրի բոլոր շրջաններում    Սիրիայի ուղղիչ շարժման 41-րդ տարեդարձի կապակցությամբ զանգվածային ցույցեր են տեղի ունենցել:

Նախագահ Ասադի կողմնակիցները  հավաքվել են Սիրիայի քաղաքների  հրապարակներում` արտահայտելու իրենց  հավատարմությունը ազգային միասնությանը, հայրենիքին, դրա անկախությանը, ինքնիշխանությանը, անվտանգությանը եւ կայունությանը:

Նրանք դատապարտել են ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի ՍԱՀ-ի դեմ հրահրած հանցագործ խմբավորմանը, նաեւ դեմ են արտահայտվել Արաբական պետությունների լիգայի որոշմանը, ըստ որի`դադարեցվում է Սիրիայի անդամակցությունը տվյալ կազմակերպությանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Արաբական պետությունների լիգան  դադարեցրել է Սիրիայի  անդամակցությունը կազմակերպությանը, երկրում շարունակվող բռնությունների պատճառով:

Նոյեմբերի 13-ին Սիրիայում նախագահ Բաշար Ասադի կողմնակիցները   զանգվածային ցույցեր են անցկացրել` ի նշան Արաբական պետությունների լիգայի որոշման դեմ բողոքի: Դամասկոսը պահանջել է «Արաբական պետությունների լիգայի արտակարգ գագաթաժողով հրավիրել`երկիրը ճգնաժամից հանելու ուղիներ գտնելու համար»:

Սիրիայում զանգվածային ցույցերը եւ բողոքի ակցիաները գործող իշխանությունների դեմ սկսվել են 2011թ. մարտի վերջից: Ընդդիմությունը պահանջում  է նախագահ Բաշար Ասադի հրաժարականը, սակայն կառավարությունը  կոշտ միջոցներ է կիրառում ցուցարարների նկատմամբ: ՄԱԿ-ի հաշվարկներով, ցույցերի սկզբից մինչ օրս երկրում առնվազն 3500 մարդ է զոհվել: