Լոռիի մարզի Գոգարան գյուղի տներից մեկում, նոյեմբերի 14-ին, հրդեհից այրված 4-ամյա Արման Գասպարյանին վիրահատում են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ճառագայթաբանության եւ այրվածքների կենտրոնից` հավելելով, որ տրախեոստոմիա են անում, որպեսզի երեխան կարողանա շնչել խողովակի օգնությամբ:
Նրանց փոխանցմամբ` վիրահատությունն արվում է, որ վիճակը թեթեւացվի, շնչուղիների այտուցը վերանա: Բժիշկներն ամեն ինչ անում են, որ Արմանը դուրս գա այդ վիճակից, կարողանա ինքնուրույն շնչել, ոչ թե ապարատների օգնությամբ: Առայժմ նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Նույն հրդեհից այրվածքներ ստացած 3-ամյա Գոռ Գասպարյանը, ով գտնվում է «Սուրբ Տիրամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, թերապեւտիկ բուժում է եւ արտաքին մշակումներ է ստանում: Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ նրա վիճակը կայուն ծայրահեղ ծանր է, բուժումների հետագա ընթացքը ցույց կտա, թե ինչ կարող են անել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի հրդեհից այրված 4 երեխաներից մեկը` 3 տարեկան Արեն Գասպարյանը մահացել է: 4-րդ երեխան 1,5 տարեկան է եղել, ով թեթեւ այրվածքներ է ստացել եւ այժմ գտնվում է Գոգարանի գյուղապետարանի բժշկի հսկողության ներքո: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 14-ին, Գոգարան գյուղում այրվել է Մինաս Գասպարյանին պատկանող երկհարկանի առանձնատունը, ամբողջությամբ բռնկվել է առաջին հարկը, մասամբ այրվել է նաեւ երկրորդ հարկի մի հատվածը: Պարզվել է, որ տանը գտնվել են 4 անչափահաս երեխաներ, ովքեր 2 եղբայրների երեխաներ են: Նախնական տվյալներով, հրդեհի պատճառը եղել է փայտը. նրանք տանը փայտ են վառել:




























