Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 17-ին, այցելել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Պարամուս քաղաքում գտնվող Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության կենտրոնական գրասենյակ եւ հանդիպել կազմակերպության մի խումբ անդամների հետ` ընկերակցության գործադիր տնօրեն Լեւոն Ֆիլյանի գլխավորությամբ: NEWS.am-ին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր նախագծերի իրականացման հետ կապված հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել մեր հանրապետությունում նախադպրոցական ցանցի ցարգացման հարցերին:
Երկրի ղեկավարը նշել է, որ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը մեծ փորձ է կուտակել այս ոլորտում, եւ այս ուղղությամբ նրա կողմից ծավալված աշխատանքը ավելի քան պահանջված է Արցախում: Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:




























