Նոյեմբերի 21-ին Երեւանում բացվում է հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` «Բաբջանյան-ՖԵՍՏ»-ը Առնո Բաբաջանյանի 90-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակներում: Փառատոնը կազմակերպում են Կոմպոզիտորների միությունը եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:
Նվագախմբի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ փառատոնի շրջանակներում, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 19-ը, տեղի կունենա 6 համերգ:
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 21-ի երեկոյան` Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Ծրագրում ներառված են Առնո Բաբաջանյանի երեք ստեղծագործությունները. «Արիա-վոկալիզ», մենակատար Սյուզաննա Մելքոնյան (սոպրանո), համերգ ջութակահարի համար մենակատար Արամ Թալալյան (ջութակահար), «Հերոսական բալլադ» դաշնամուրի եւ նվագախմբի համար, մենակատար Արուս Աճեմյան (դաշնակահար):
Փառատոնը կազմակերպվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:



























