Հայաստանից դեպի եվրոպական մի շարք երկրներ ապօրինի եւ անկանոն ներգաղթը կանխելու մեխանիզմներ են մշակվում:
Ինչպես նոյեմբերի 21-ին լրագրողներին հայտնեց Հայաստանի պետական միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, հոկտեմբերի 27-ին ԵՄ 27 երկրների եւ Հայաստանի միջեւ «Շարժունակություն հանուն գործընկերության» քաղաքական հռչակագիր է ստորագրվել: Այդ փաստաթուղթը այն իրավական հիմքն է, որի հիման վրա պետք է զարգանա շրջանառություն գործող միգրացիա ապահովող փաստաթղթերի ստեղծման շուրջ համագործակցությունը:
Նման ներգաղթը երկիր բազմակի մուտք գործելու իրավունք է ընձեռում, որը մի կողմից դրական է անդրադառնում հանգրվանող երկրի վրա, քանի որ հաճախ աշխատանքային հաստիքները զբաղեցնում են դրսից ժամանած բարձր որակավորմամբ մասնագետները: Մյուս կողմից, մասնագետը հայրենիք է վերադառնում եվրոպական երկրների փորձով հարստացած:
«Այժմ շատերը վիզա ստանալուց եւ Եվրոպա մեկնելուց հետո ձգտում են մնալ այնտեղ` վախենալով, որ երկրորդ անգամ գալու վիզա չեն ստանա: Այս փաստաթուղթը հեշտացնում է գործընթացը եւ հնարավորություն է տալիս հանգիստ սովորել եւ աշխատել արտերկրում ` եվրոպական երկրներ բազմակի մուտք գործելու իրավունքով, ուսանողներին իրավունք է տալիս զուգահեռ աշխատել, արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն է տալիս ցանկության դեպքում առեւտրային գործունեություն սկսել` առանց վախենալու արտասահմանում իրենց բնակության իրավունքը կորցնելուց: Հուսով եմ դա դրական արդյունքներ կտա», - նշել է Գագիկ Եգանյանը` հավելելով, որ շրջանառություն գործող միգրացիայի մեխանիզմի մշակումը ապօրինի եւ անկանոն ներգաղթը կանխելու միջոց կդառնա:



























