Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011 թ. հոկտեմբերին նախորդ տարվա հոկըեմբերի նկատմամբ կազմում է 2.4 տոկոս: Այսօր` նոյեմբերի 21-ին նման հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Նշենք, որ նախորդ ամիսների նկատմամբ սա բավական ցածր ցուցանիշ է: Համեմատության համար` սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը 9 տոկոս էր, իսկ օգոստոսին` 9.6 տոկոս:
Տնտեսական ակտիվության նման անկումը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության սեզոնային գործոնի չեզոքացմամբ: Հենց գյուղատնտեսության ոլորտում արձանագրված բարձր բերքատվության շնորհիվ նախորդ ամիսներին տնտեսական ակտիվությունը բավական բարձր էր: Հոկտեմբերից արդեն հանրապետությունում գյուղատնտեսությունը թեւակոխում է սեզոնային անկման փուլ, որն անմիջապես անդրադարձել է տնտեսական ակտիվության ընդհանուր ցուցանիշի վրա: Այսպես` միայն 1 ամսվա կտրվածքով գյուղատնտեսության անկումը կազմում է 36 տոկոս:
Ընդհանրապես` հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ անկումներ են գրանցվել տնտեսության բոլոր ճյուղերում, իսկ ամենամեծ անկումը (գյուղատնտեսությունից հետո) տեղի է ունեցել արտահանման ոլորտում` 21 տոկոս:




























