«Կարթել-Աննա» ընկերությունը կարագի անվան տակ սփրեդ չի իրացրել, այսօր` նոյեմբերի 21-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հայտարարեց այդ ընկերության ներկայացուցիչ Համլետ Խաչատրյանը: Նրա խոսքով` խախտումն իրականացրել է «Նոր Զովք» ընկերությունը, որն իրենցից գնում է եւ կարագ, եւ սփրեդ:

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն այսօրվա նիստում տուգանքներ նշանակեց այն տնտեսվարողներին, որոնք կարագի անվան տակ սփրեդ են իրացնում: Դրանց թվում են նաեւ «Կարթել-Աննա» (ներմուծող) եւ «Նոր Զովք» (սուպերմարկետ) ընկերությունները:

Ըստ Հ. Խաչատրյանի` իրենք ներմուծում են ուկրաինական կարագ, ինչպես նաեւ սփրեդ, սակայն երբեւէ «Նոր Զովքին» կարագի փոխարեն սփրեդ չեն վաճառել: Ավելին` վերջին անգամ «Նոր Զովքին» կարագ են մատակարարել ապրիլին, այն էլ ընդամենը 30 կգ, որը չէր կարող երկար ժամանակ մնալ խանութում ու հայտնվել ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում: «Թե իրենք ինչ են ներկայացրել, կամ ում անունով են ներկայացրել, ինչ ապրանք են վաճառել` ես դա չեմ կարող ասել»,- հայտարարեց Հ. Խաչատրյանը:

Սակայն ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը «Կարթել-Աննա» ընկերության ներկայացուցչին հակադարձեց, որ հարուցված վարույթի 2 ամսվա ընթացքում այդ ընկերությունը ոչ  մի գրավոր փաստաթուղթ ու առարկություն չի ներկայացրել, թեեւ ունեցել է բավարար ժամանակ ու իրավունք: Ի դեպ` «Նոր Զովքի» գլխավոր հաշվապահ Մերուժան Օվսեյանը լրագրողների հետ ճեպազրույցում նույնպես հավաստիացրեց, որ կարագի անվան տակ սփրեդ են ստացել հենց «Կարթել-Աննա»-ից:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը «Կարթել-Աննա»-ի ներկայացուցչին խորհուրդ տվեց դիմել դատարան, եթե իրոք «Նոր Զովքը» սխալ տեղեկատվություն է տրամադրում: Նշենք, որ, ըստ NEWS.am-ի տեղեկությունների, «Նոր Զովքը» պատկանում է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին: