ՌԴ հատուկ ծառայություններն աննախադեպ խստացրել են Վլադիմիր Պուտինի պահպանության առանց այդ էլ խիստ բարձր մակարդակը. հատուկ ծառայությունների առաջարկությամբ հրապարակային բացօթյա միջոցառումների ժամանակ նա սկսել է զրահաբաճկոն կրել, The Moscow Times-ին պատմել են ռուս երկու պաշտոնյաներ եւ հաստատել է Կրեմլին մոտ կանգնած մեկ աղբյուր։
Պաշտոնյայի խոսքով, որը քանիցս անձամբ տեսել է Պուտինին նրա հրապարակային միջոցառումների ժամանակ, նա սկսել է զրահաբաճկոն կրել դեռեւս 2023թ.՝ Պահպանության դաշնային ծառայության եւ նախագահի անվտանգության ծառայության խորհրդով։
«Այս տարի մայիսի 9-ին զորահանդեսի ժամանակ նա հաստատ զրահաբաճկոնով էր։ Եվ զգուշության այդ միջոցը, ես կարծում եմ, ճիշտ է»,- ասել է ռուս պաշտոնյան, որը ներկա էր Կարմիր հրապարակի զորահանդեսին։
Անվտանգության հարցերի գծով բրիտանացի խորհրդական Ջեյդ Միլլերը, The Moscow Times-ի խնդրանքով, ուսումնասիրել է 2024թ. մայիսի 9-ի զորահանդեսում Պուտինի ելույթի տեսակադրերը եւ եկել այն եզրակացության, որ ՌԴ նախագահը իսկապես զրահաբաճկոնով էր։
«Պուտինը բավական կաշկանդված էր քայլում, եւ նրա վերարկուի մեջքին չեն երեւում բնական ծալքերը քայլելիս եւ ձեռքսեղմումների ժամանակ,- ասել է Միլլերը։- Պուտինի մարմնի վերին հատվածը անբնական տեսք ունի, իսկ ուսերը բավական լայն են թվում եւ քառակուսի, չեն երեւում մեջքի եւ թիակների ձեւերը»։
Փորձագետի խոսքով՝ ՌԴ նախագահի պահվածքից կարելի է եզրակացնել, որ վերարկուի տակ ինչ-որ բան կա, ինչն անհարմարություն է պատճառում քայլելիս։ «Մի շարք դեպքերում նա բարձրացնում եւ ուղղում է ուսերը, ինչը վկայում է այն անհարմարության մասին, որ բալիստիկ բաճկոնը նստած է ուսերին, եւ երկար կրելու դեպքում անհարմարություն է առաջացնում»։
«Երեւում է, որ Պուտինը վերարկուն կոճկված է պահում, եւ երեւում է, որ նա ստուգում է, թե արդյոք կոճկված է այն, ասես փորձում է համոզվել, որ ոչ ոք չի տեսնում, թե ինչ է վերարկուի տակ։ Իմ կարծիքով՝ Պուտինը զորահանդեսի ժամանակ բալիստիկ բաճկոնով էր»,- ասել է Միլլերը։
Կրեմլը պաշտոնապես հերքում է անվտանգության միջոցների խստացման անհրաժեշտությունը նախագահ Պուտինի համար։ «[Անվտանգության միջոցները] սովորական մակարդակում են։ Արվում է այն, ինչ անհրաժեշտ է նախագահի անվտանգությունն ապահովելու համար»,- մայիսի կեսին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի մահափորձը։





























