Հայաստանի Ազգային ժողովը զրկվեց հերթական նախագահից. Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 21-ին վերահաստատեց իր հրաժարականը, եւ օրենքով սահմանված կարգով զրկվեց ԱԺ նախագահի պաշտոնից: Այսուհետ նա շարքային պատգամավոր է եւ համատեղության կարգով նաեւ ՀՀԿ նախընտրական շտաբի պետը:
Հովիկ Աբրահամյանը նաեւ լքել է ԱԺ նախագահի հարմարավետ կաբինետն ու արդեն տեղափոխվել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հարեւանությամբ գտնվող աշխատասենյակ: Իսկ Ազգային Ժողովի նախագահի պարտականությունները կատարելու է փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
Ազգային Ժողովը, թերեւս առանց նախագահի երկար չի մնա: Նոյեմբերի 28-ին նախատեսված է արտահերթ նիստ, որտեղ քննարկելու են հարկային փաթեթը, եւ նիստը նախագահելու է Սամվել Նիկոյանը: Իսկ արդեն դեկտեմբերի 5-ին մեկնարկող ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում խորհրդարանը նոր նախագահ կընտրի:
ԱԺ անկուսակցական պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ով նաեւ «ԱԺ Կանոնակարգ» օրենքի հեղինակն է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, թե խորհրդարանի նախագահի ընտրության հարցն ինքստինքյան ընդգրկած է առաջիկա քառօրյայի օրակարգում եւ դեկտեմբերի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Ազգային Ժողովն, ըստ ամենայնի նոր նախագահ կընտրի: Դալլաքյանը տեսականորեն չբացառեց, որ պատգամավորները չեն կարողանա ընդհանուր հայտարարի գալ եւ խորհրդարանի նոր նախագահ ընտրել: Բայց միայն տեսականորեն:
Մինչդեռ բոլորիս էլ հայտնի է, թե ինչպես է իրականացվելու ԱԺ նախագահի ընտրությունը: ԱԺ նախագահ կդառնա մեծամասնության ներկայացուցիչը, նրան, ում կառաջարկի իշխող հանրապետական կուսակցությունը: Նախքան Հովիկ Աբրահամյանի վերջնական հրաժարականը հանրապետականները հրաժարվում էին հրապարակավ անուններ նշելուց` պատճառաբանելով, թե կոռեկտ չէ ԱԺ նախագահի առկայության պայմաններում խոսել նոր թեկնածուի մասին: ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ին հայտնեց, որ իրենք դեռ չեն հստակեցրել ԱԺ նոր նախագահի հարցը: Անգամ հայտնի չէ, թե երբ է տեղի ունենալու ՀՀԿ խորհրդի կամ գործադիր մարմնի նիստը, որն էլ քննարկելու է այդ հարցը: «Այս պահին որեւէ տեղեկություն չկա, թե երբ կքննարկենք: Երբ քննարկենք, սիրով կտեղեկացնենք հանրությանը»,- նշեց Շարմազանովը:
Նշենք, որ այս պահին քննարկվում է երկու թեկնածություն: Որպես ԱԺ նախագահի թեկնածու շրջանառվում է Սամվել Նիկոյանի անունը, իսկ փոխնախագահի պաշտոնում նշանակվելու է Հերմինե Նաղդալյանը: Մեր աղբյուրը, սակայն, չբացառեց, որ Նիկոյանը մնա իր տեղում, իսկ ԱԺ նախագահ Նշանակվի Հերմինե Նաղդալյանը:



























