Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հիմնել է «Մանկական Եվրատեսիլ 2011 Երեւան» հիմնադրամը, որը պատասխանատու է Երեւանում, դեկտեմբերի 3-4-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի միջոցառման նախապատրաստման եւ անցկացման համար:

Երկրի կառավարության պաշտոնական կայքէջում արդեն հրապարակվել է Երեւանում, դեկտեմբերի 3-4-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը: 

Ըստ այդմ` եկամուտները կազմելու են մոտ 530 մլն դրամ (մոտ 1.4 մլն դոլար), իսկ ծախսերը` 702 մլն դրամ (1.85 մլն դոլար): Այսինքն` Մանկական Եվրատեսիլի բյուջեն դեֆիցիտային է 172 մլն դրամի (մոտ 450 հազ. դոլար) չափով, որը փակվելու է պետական բյուջեի միջոցներից:

«Եվրատեսիլի» եկամուտները գոյանում են 3 հիմնական աղբյուրներից: Ամենախոշոր աղբյուրը Եվրոպական հեռարձակողների միության աջակցությունն է` 365 մլն դրամ (մոտ 970 հազ. դոլար): Եկամտի երկրորդ խոշոր հոդվածն առաջանում է գովազդից` 93 մլն դրամ (մոտ 245 հազ. դոլար): Տոմսերի վաճառքից նախատեսվում է 70 մլն դրամ (մոտ 185 հազ. դոլար) եկամուտ:

Ի դեպ` տոմսերի մասին. դեկտեմբերի 2-ի համերգի տոմսերի գինը տատանվում է 3-15 հազ. դրամի սահմաններում: Դեկտեմբերի 3-ի համերգի տոմսերի գինը 5-100 հազ. դրամի սահմաններում է: 100 հազ. դրամ արժեն պարտերի առաջին կարգի տոմսերը, իսկ երկրորդ կարգում դրանք արժեն 70 հազ. դրամ: Այնուհետ գալիս են 30 հազարանոց տոմսերը: Նշենք, որ էժան` 3 կամ 5 հազար դրամ արժեցող տոմսերը վաղուց արդեն սպառված են: Համենայնդեպս` այդպես մեզ վստահեցրին տոմսարկղերից մեկում:

Ծախսերի ամենամեծ հոդվածը «Միջոցառման տեխնիկական ապահովում եւ նկարահանում (HDR)» մասով է` 274 մլն դրամ (մոտ 720 հազ. դոլար): Նշենք, որ պայմանագիր է կնքվել շվեդական հանրահայտ «Էյջ Դի Ար» ընկերության հետ, որը Հայաստան է ներմուծելու գերժամանակակից հեռուստատեսային տեխնիկա, այդ թվում` շարժական հեռուստակայան, թվային տեսախցիկներ, լուսային եւ ձայնայի սարքավորումներ: Միջոցառման նկարահանման ու ստեղխագործական աշխատանքները նույնպես կիրականացնի «Էյջ Դի Ար»-ը:

Մյուս ծախսային հոդվածներն առանձնապես խոշոր չեն: Նշենք դրանցից մի քանիսը` ռեժիսորը կստանա 7 մլն դրամ, հրավառության վրա կծախսվի 28 մլն դրամ, 29 մլն դրամ կտրվի մարզահամերգային համալիրի վարձակալությանը, 14.5 մլն դրամ` վարկի տոկոսներին ու բանկային ծառայություններին, հաղորդավարները կստանան 2.5 մլն դրամ եւ այլն:

 

Սամվել Ավագյան