ՄԱԿ-ի փորձագետները կանխատեսում են, որ Էլ Նինյոյին այս ամառ կփոխարինի ավելի ցուրտ օվկիանոսային ու մթնոլորտային Լա Նինյա ֆենոմենը։
2024 թվականի մայիսը եղել է ամենաշոգ ամիսը և անընդմեջ 12-րդ ռեկորդային շոգ ամիսը։ Ըստ Euronews-ի՝ դրա մասին հայտնել են ԵՄ-ի Կլիմայական «Կոպեռնիկոս» ծառայության փորձագետները:
ԵՄ կլիմայի մոնիտորինգ ծառայության տվյալներով՝ անցյալ ամիս գլոբալ միջին ջերմաստիճանը 1,52 C-ով ավելի տաք էր, քան 1850-1900 թվականներին՝ մինչև ինդուստրացման սկիզբը:
Ջերմաստիճանը 12-րդ ամիսն անընդմեջ ավելի տաք էր, քան երբևէ, իսկ մակերևութային օդի գլոբալ միջին ջերմաստիճանը 1991-2020 թվականների միջինից բարձր էր 0,65 °C-ով:
«12-ամսյա նշաձողին հասելու փաստը ցնցող է, բայց զարմանալի չէ: Եվ չնայած ռեկորդային ամիսների այս շարանը ի վերջո կավարտվի, կլիմայի փոփոխության ընդհանուր միտումը շարունակվում է և փոփոխության միտումներ ցույց չի տալիս», - ասում է ԵՄ-ի կլիմայական «Կոպեռնիկոս» ծառայության (C3S) տնօրեն Կառլո Բուոնտեմպոն։





























