Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) դիմել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին (ICC)՝ հետաքննել ուկրաինացիների դեմ ատելություն հրահրող վեց ռուսաստանյան քարոզիչների գործը՝ այն գնահատելով իբրև մարդկության դեմ հանցագործություն։

Գործի նյութերն ուղղված են հեռուստահաղորդավարներ Վլադիմիր Սոլովյովի, Դմիտրի Կիսելևի և Սերգեյ Մարդանի, Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, նախագահի աշխատակազմում քարոզչությունը վերահսկող Ալեքսեյ Գրոմովի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի դեմ, հայտնել է DW-ն։

Իրավապաշտպանները պահանջում են հետաքննություն սկսել ռուս քարոզիչների դեմ՝ ըստ ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածի («Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ»): Հոդվածի կետերից մեկը ցանկացած նույնական խմբի կամ համայնքի էթնիկ, ազգային և այլ հիմքերով հետապնդումը այդպիսի հանցագործություն է ճանաչում: