ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը խստացնում է միջուկային զենքի իր ռազմավարությունը, քանի որ Ռուսաստանն ու Չինաստանը անցյալ տարի չաջակցեցին սպառազինությունների վերահսկողությունը քննարկելու ԱՄՆ-ի ջանքերին, Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային վկայակոչելով՝ հայտնել է Semafor պարբերականը։

Մասնավորապես, որոշվել է մշակել նոր ձգողական ռումբ, ինչպես նաև երկարացնել «Օհայո» դասի մի շարք միջուկային սուզանավերի ծառայության ժամկետը, նշել է Սպիտակ տան զրուցակիցը։ «Ջո Բայդենի վարչակազմը նաև դիտարկում է ԱՄՆ միջուկային ուժերի հետագա էվոլյուցիան՝ միջուկային հարաճուն սպառնալիքների պայմաններում և աշխատում է ապահովելու, որ առանցքային դաշնակիցներն ունենան պաշտպանվելու համար անհրաժեշտ հեռահար հարվածի և վերահսկողության հնարավորություններ», - ըստ DW-ի՝ նշել է Սպիտակ տան պաշտոնյան։

Ակնկալվում է, որ հունիսի 7-ին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի սպառազինությունների վերահսկման, զինաթափման և զենքի չտարածման գծով ավագ տնօրեն Փրանայ Վադին կոնֆերանսի ժամանակ կհայտարարի Վաշինգտոնի համապատասխան սպառազինությունների վերահսկման ծրագրերը:

2023-ին  նույն համաժողովում Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն հայտնել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է քննարկել Չինաստանի և Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկողությունը «առանց նախապայմանների», հիշեցնում է Semafor-ը։ «Սակայն Պեկինը և Մոսկվան փաստացի մերժեցին այդ առաջարկները, ինչը ստիպեց ԱՄՆ-ին փոխելու իր մոտեցումը», - շեշտել է պաշտոնյան։

Բայդենի վարչակազմը դեռ հույս ունի իր աշխարհաքաղաքական մրցակիցներին բերել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն ցանկանում է ցույց տալ, որ Ռուսաստանը և Չինաստանը «կբախվեն վատթարացող անվտանգության միջավայրի, եթե նրանք շարունակեն հրաժարվել համագործակցությունից», - նշել է ամերիկացի պաշտոնյան: