ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է վետո դնել ցանկացած օրինագծի վրա, որը փորձում է կասեցնել բյուջեի ծախսերի կրճատումը 2013թ.:

ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ ասվում է, որ Կոնգրեսում ոմանք պատրաստ են չեղյալ դարձնել ավտոմատ կրճատումները, բայց դրան ի պատասխան` նա վետո կդնի ռազմական եւ ոչ ռազմական ոլորտում ծախսերի ավտոմատ կրճատումներից ազատվելու ցանկացած փորձի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նոյեմբերի 21-ին Կոնգրեսի երկկուսակցական հանձնաժողովի անդամները չեն կարողացել համաձայնության գալ բյուջետային դեֆիցիտի կրճատման ծրագրի հարցում: Գերհանձնաժողովը պետք է 10 տարվա ընթացքում դեֆիցիտը 1,2 տրիլիոն դոլարով կրճատելու ծրագիր մշակեր:

Եթե օրինագիծը չընդունվի, 2013թ. երկրին սպասվում է ծախսերի ավտոմատ կրճատում  1,2 տրիլիոն դոլարով:

Նախագահ Օբաման հույս է հայտնել, որ գերհանձնաժողովին դեռ կհաջողվի հավասարակշիռ ծրագիր կազմել, նաեւ համոզմունք է հայտնել, որ «դեմոկրատները պատրաստ են դա անել, իսկ մի քանի հանրապետականներ դեռեւս շահագրգռված են, որպեսզի  ծախսերի ավտոմատ կրճատումն ուժի մեջ մտնելը կանխարգելվի»:

Նա նշել է, որ չնայած երկրի պետական պարտքը գերազանցել է 15 տրիլիոն դոլարը, «ԱՄՆ-ին դեֆոլտ հայտարարելու անխուսափելի սպառնալիք չկա»: