Ամերիկյան դաշնային դատարանը նոյեմբերի 21-ին Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին փոխհատուցելու բազմամիլիոնանոց ֆոնդի հաշվապահական տարաձայնությունների շուրջ վիճող փաստաբաններին երկու շաբաթ ժամանակ է տրամադրել, որպեսզի համաձայնության գան կամ դատարանի վճռով աուդիտի ենթարկվեն:  Այս մասին գրել է «Glendale News-Press»-ը:

ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Քրիսթինա Սնայդերը փաստաբաններ Մարկ Գերագոսին (Ջերեգոս) եւ Ռոման Զիլբերֆելդին հրահանգել է դեկտեմբերի 5-ին լսումներին հստակ ներկայացնել, թե ինչպես են ուզում լուծել մի քանի տարի առաջ «Axa S.A.» ընկերության կողմից ստեղծված Հայոց ցեղասպանության զոհերի սերունդների փոխհատուցման ֆոնդի հաշվապահական տարաձայնությունների խնդիրը:

Գերագոսը միջնորդություն է ներկայացրել այն մասին, որ ինքը եւ գլենդելյան փաստաբան Վարդգես Եղիյանին ներկայացնող Զիլբերֆելդը «կողպված են սենյակում», քանի որ, ըստ նրա, համաձայնության գալ չի հաջողվում:

Երկու կողմերի փաստաբաններն ուսումնասիրում են ֆոնդի աշխատակազմին ներկայացված հայտերի գրեթե 1000 դիմումներից 94-ը, որոնք առաջին հայացքից առավել խնդրահարույց են թվացել:

Ուրբաթ օրը դատարանին ներկայացրած միջնորդությունում Զիլբերֆելդը հայտնել է, որ յուրաքանչյուր չվճարված դիմումի պատճառը վճարելիք գումարի որոշման գործակցի 0,1%-ի շեղումն էր:

Որոշ դեպքերում եղբայրների եւ քույրերի ներկայացրած առանձին, բայց միանման պահանջները մերժվել են, որոշ դեպքերում` հաստատվել:

Բացի այդ, որոշ դիմորդներ, ովքեր բազմաթիվ կտրոններ են ստացել, կանխիկացրել են միայն առավել քիչ գումարի կտրոնները, նույնիսկ այն պարագայում, երբ ավելի մեծ գումարի կտրոնները տրամադրվել են միաժամանակ:

Զիլբերֆելդը պնդում է, որ եթե 94 ուսումնասիրված դիմումների մի մասի վերաբերյալ տարաձայնություններ են ծագել, ապա բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ մնացած 900 դիմումների  հարցում եւս խնդիրներ կառաջանան:

Ըստ նրա` թեեւ իր միջնորդության մեջ ներկայացված հաշվապահական հաշվառման որոշ հարցեր կարող են դիտարկվել մասնավոր հանդիպումների  ժամանակ, նա չի կարծում, որ մնացած 900 դիմումները կարելի է թողնել  չստուգված:

«Ծայրահեղ դեպքում` սկսեք դրանից»,-ասել է դատավոր Սնայդերը` հավելելով, որ աուդիտի հետ կապված մեծածավալ հաշվապահական աշխատանքը լրջորեն նվազեցնում է ֆոնդում մնացած 2,5 մլն դոլարը:

Նա նաեւ տարբերակ է առաջարկել, ըստ որի` ֆոնդի կառավարման համար պատասխանատու անձանց կարելի է ստիպել օգնել ծախսերը փակելիս:

Ավելի վաղ, այս տարի Գերագոսը եւ փաստաբան Բրայան Կաբատեկը Եղիյանին դատի էին տվել` հայտարարելով, որ նա եւ նրա կինը` փաստաբան Ռիտա Մահդեսյանը, կեղծ բարեգործական կազմակերպություններ են ստեղծել եւ վերջին 6 տարիների ընթացքում 1 մլն դոլարի չարաշահումներ իրականացրել: