Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնը տեխնիկապես վերազինման կարիք ունի: Այս մասին այսօր` նոյեմբերի 22-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:
«Խոսքը ոչ թե հենց շենքի, այլ բեմի, նրա տեխնիկական վերազինման մասին է: Ամբողջ աշխարհում դեկորացիաները փոխվում են կոճակի մեկ հպումով, իսկ մեզ մոտ դա արվում է համարյա ձեռքով, նույնիսկ «մայնա» գոչյուններով: Քարե դար է»,- ասել է նա:
Թատրոնի տնօրենի ներկայացմամբ, շենքը նույնպես վերանորոգման կարիք ունի, թեեւ նախկինում մի քանի անգամ վերանորոգման աշխատանքներ կատարվել են: «Բայց առաջին հերթին պետք է լուծել բեմի տեխնիկական վերազինման հարցը»,- ասել է Կամո Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, աշխատանքների ժամանակ, որոնք ամենայն հավանականությամբ, կտեւեն 2-4 ամիս, բեմադրություններ չեն լինի: «Սակայն փորձերի համար նախատեսված դահլիճներում աշխատանքները կշարունակվեն, կոլեկտիվը ոչ մի դեպքում չի տուժի»,-վստահեցրել է Կամո Հովհաննիսյանը:
Նա նաեւ հայտնել է, որ վերազինման հարցում թատրոնի գործընկերը ավստրո-գերմանական ընկերություն է, որի անունը նա չհայտնեց: «Դեռ պայմանագիր չկա, գումարը նույնպես հայտնի չէ»,նշել է նա:



























