«Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի «ինքնասպանության» գործով նրա նախկին կինը չի հարցաքննվել եւ չի հարցաքննվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց Կոտայքի քննչական բաժանմունքի պետ Եղիշե Պետրոսյանը:

«Բնականաբար, չենք կարող հարցաքննել, որովհետեւ նա, ոչ մեր քաղաքացին է, ոչ էլ Հայաստանում է գտնվել»,-ասաց նա:

Մեր հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նա չի էլ հարցաքննվելու, Ե. Պետրոսյանը պատասխանեց. «Ոչ թե չի հարցաքննվելու, այլ մենք որեւէ հնարավորություն էլ չունենք նրան հարցաքննելու»:

Հիշեցենք, որ 31-ամյա Արմեն Պետրոսյանն ամուսնացած է եղել ռուս աղջկա հետ, սակայն ամուսնալուծվել է եւ ունի մեկ դուստր։ Իսկ ամուսնալուծությունից հետո դուստրը մնացել է Արմեն Պետրոսյանի մոտ: Նրա մահից հետո, մամուլում հրապարակումներ եղան, ըստ որոնց, Ա. Պետրոսյանի նախկին կինը, հնարավոր է, առնչություն ունենա գործարարի «ինքնասպանության» հետ:

Ի դեպ, Եղիշե Պետրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ ներկա պահին ավելին ասել չի կարող, քանի որ գործի հետ կապված նոր մանրամասներ չկան:

Փաստաբան Լուսինե Սահակյանին ուղղված NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ցանկության դեպքում ոստիկանությունը կարո՞ղ է հարցաքննել Արմեն Պետրոսյանի նախկին կնոջը, ով ՀՀ քաղաքացի չէ, նա արձագանքեց. «Իհարկե կարող են, բայց հատուկ ռեժիմների դեպքում: Պարզապես նրան բերման չեն կարող ենթարկել: Ավելին` նրան չեն նախազգուշացնում, որ սուտ ցուցմունք տալու դեպքում պատասխանատվության է ենթարկվելու, որովհետեւ նա դրանց չի ենթարկվում»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` հարցաքննվել են գործարարի շրջապատի անձինք, ընկերները եւ այլն, բայց առայժմ կասկածյալներ չկան:

Հիշեցենք, որ ոստիկանության Կոտայքի բաժնում հոկտեմբերի 16-ին, ժամը` 13:15-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված է «BMW X-5» մակնիշի ավտոմքենա, որի մեջ դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «BMW X-5»-ը, որի վարորդի նստելատեղին հայտնաբերվել է 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով, աջ ձեռքին` մատը ձգանին եղել է «ՏՏ» տիպի ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝) եւ 235 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: