Պաշտոնական այցով Պրահայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, նոյեմբերի 22-ին, այցելել է Չեխիայի Սենատ, որտեղ հանդիպում է ունեցել Սենատի նախագահի առաջին տեղակալ Պրեմիսլ Սոբոտկայի եւ Սենատի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող սենատորների հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ չեխ սենատորները բարձր են գնահատել Պրահայում ՀՀ դեսպանության հիմնադրումը՝ վստահություն հայտնելով, որ մշտական դիվանագիտական ներկայացուցչությունը լուրջ խթան կհանդիսանա հարաբերությունների հետագա ամրապնդման գործում:

Հանդիպմանը քննարկումներ ծավալվել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման, միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Սենատորների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես է եկել Չեխիայի Միջազգային հարաբերությունների ասոցիացիայում: 

Օրվա ավարտին Հայաստանի արտգործնախարարը ՀՀ դեսպանությունում հանդիպում է ունեցել Չեխիայի հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւ պատասխանել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ նրանց բազմաթիվ հարցերին:

Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել չեխական առաջատար «Լիդովե Նովիցի» թերթին: