Քրեական գործ է հարուցվել Պետերբուրգում սպանված գործարար Դավիթ Տերտերյանի գործի առթիվ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրը:
ՌԴ Սանկտ Պետերբուրգի Գլխավոր քննչական վարչության քննչական կոմիտեի վարկածով, Դավիթ Տերտերյանին սպանել է` կրակելով նրա վրա նվազագույնը 4 անգամ, ենթադրվում է` Լյուգերի ատրճանակից, որը հայտնի է նաեւ պարաբելլիում անվամբ, հաղորդում է «RBC-Սանկտ Պետերբուրգը»:
Անհայտ անձինք Բոլշոյ օզերնոյ եւ Ուշակով փողոցների խաչմերուկում նվազագույնը 4 գնդակ են արձակել Դավիթ Տերտերյանի վրա, ով գտնվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում: Տերտերյանը, չնայած հրազենային վնասվածքին, հասել է տուն, սակայն ավելի ուշ մահացել է շտապօգնության մեքենայում:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի վայրի եւ ավտոմեքենայի զննումից հետո հայտնաբերվել են «Լյուգեր» ատրճանակի փամփուշտների գնդակներ եւ գիլզաներ: Դիտարկվում են տարբեր վարկածներ, այդ թվում պատվիրված սպանության վարկածը` կապված Տերտերյանի բիզնեսային գործունեության հետ:
«Կոմերսանտ» թերթը գրում է, որ Դավիթ Տերտերյանը կամ Դավիթ Սուխումսկին «Հանցագործ Պետերբուրգ» հայտնի գրքի հերոսներից է:
Թերթը պնդում է, թարմ հետքերով անցկացված հետաքննությունը դրական արդյունք չի տվել: «Այժմ օպերատիվ քննչական խմբի աշխատակիցները հարցաքննում են դեպքի ականատեսներին եւ նայում են տեսախցիկների տեսագրությունները` փորձելով վերականգնել հարձակվողի արտաքին նշանները: Քննչության կարծիքով, սպանությունը ակնհայտ պատվիրված էր, սակայն դրդապատճառները դեռ հայտնի չեն»,-գրում է «Կոմերսանտը»:
Թերթի տվյալներով, Դավիթ Տերտերյանը ծնվել է Աբխազիայում, իսկ այնուհետեւ տեղափոխվել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ մտել է Միշա Ազագյանի խմբավորման մեջ, որը զբաղվում էր խարդախություններով եւ թմրավաճառությամբ: Դատվել է ապօրինաբար զենք պահելու, խուլիգանության եւ սպանության նպատակով կատարված հարձակման համար: Սակայն վերջին ժամանակներս գերադասում էր զբաղվել անլեգալ բիզնեսով: Տերտերյանը «Սեվզապմեբելի» ղեկավարներից մեկն էր:
Հիշեցնենք, որ Տերտերյանը սպանվել էր նոյեմբերի 22-ի երեկոյան, Սանկտ Պետերբուրգում:




























