Բժիշկները Յուլյա Տիմոշենկոյի օրգանիզմում կյանքը վտանգող պաթոլոգիկ փոփոխություններ չեն հայտնաբերել: Այս մասին հայտնում է Ուկրաինայի պետական բանտային ծառայությունը:
Ինչպես հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարար Ալեքսանդր Անիշչենկոն, նոյեմբերի 23-ին Յուլյա Տիմոշենկոն Կիեւի հիվանդանոցներից մեկում բժշկական հետազոտություն է անցել:
«Հետազոտության արդյունքները փոխանցվել են Կիեւի բանտի բժշկական բաժանմունքին` ախտորոշման եւ բուժման կուրսի նշանակման համար», - ըստ ՌԻԱ Նովոստիի` ասվում է ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Յուլյա Տիմոշենկոյի կողմնակիցները մի քանի օր առաջ հայտարարել էին նրա առողջական վիճակի վատթարացման մասին եւ դիմել մի շարք միջազգային կազմակերպությունների` գանգատվելով, որ բանտում նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում: Նրանց խոսքերը հաստատել էր նախկին վարչապետին այցելած Ուկրաինայի օմբուդսմեն Նինա Կարպաչեւան:
Նոյեմբերի 22-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը խոստացել էր Տիմոշենկոյին ուղարկել Կիեւի հիվանդանոցներից մեկում հետազոտվելու:




























