Եգիպտոսի ՆԳ նախարարի պաշտոնակատար Մանսուր Իսաուին առաջարկել է հետաձգել խորհրդարանական ընտրությունները` երկրում իրավիճակի սրմամբ պայմանավորված:

Նոյեմբերի 23-ի երեկոյան երկրի ՆԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, համաձայն որի` ցուցարարների վրա դյուրավառ նյութերով շշեր  շպրտել եւ նրանց դեմ հրազեն են կիրառել ոչ թե ոստիկանության աշխատակիցները, այլ «որոշ հակահեղափոխական ուժեր եւ հանցագործներ», որոնք դիրքավորվել էին շինությունների տանիքներին: Ըստ Եգիպտոսի ՆԳՆ-ի` այդ հանցագործ տարրերի նպատակը Թահրիրում քաոս եւ ցուցարարների շարքերում պառակտում առաջացնելն է: Իսաուին վճռականապես հերքեց այն, որ անվտանգության ուժերը ցուցարարների նկատմամբ մարտական զենք կամ թունավոր գազ են կիրառել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ Եգիպտոսի առողջապահության նախարարության`  բախումների զոհերի թիվը հասել է 36-ի:
Նախօրեին ազգաբնակչությանը կոչով դիմած Զինված ուժերի գերագույն խորհրդի նախագահ Հուսեյն Տանտաուին միանշանակ ասել էր, որ խորհրդարանական ընտրությունները կկայանան նոյեմբերի 28-ին: