Գրեթե յոթ հազար աֆրիկացի բնիկներ լիբիական նոր իշխանությունների մոտ որպես գերի են պահվում` առանց դատի եւ հետաքննության. այսպիսի տեղեկություններ են հաղորդվում Լիբիայի մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի զեկույցում:
Համաձայն զեկույցի` ռազմական գործողությունների ընթացքում ապստամբները խտրականություն չէին դնում Քադաֆիի բանակի հարեւան երկրների սեւամորթ վարձկանների եւ մնացած աֆրիկացիների միջեւ, որոնց մեծամասնությունն աշխատում էր Լիբիայի քաղաքացիական հատվածում:
Զեկույցում նաեւ տվյալներ կան Լիբիայում խոշտանգումների եւ ռասսայական խտրականության, բանտերում կանանց տղամարդկանց հսկողության տակ պահելու, ինչպես նաեւ երեխաներին ձերբակալելու վերաբերյալ: Նշվում է նաեւ ինչպես Քադաֆիի բանակի, այնպես էլ Անցումային ազգային խորհրդի զինյալների ռազմական հանցագործությունների մասին:
Զեկույցը կազմվել է Լիբիայի իրավիճակի քննարկման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոյեմբերի 28-ին նախատեսված նիստի նախաշեմին, գրում է Reuters-ը:
Պան Գի Մունը լիբիացիներին կոչ է արել հարգանքով վերաբերվել մարդու իրավունքներին եւ խուսափել վրեժխնդրությունից:



























