Թերթը գրում է, որ ոչ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ո՛չ էլ ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը դեռեւս հարցաքննության չեն կանչվել «Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Մուրիկ Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով։

«Այդ մասին երեկ մեր թղթակցին հայտնել են Ղուլարյանն ու Մանուկյանը՝ հերքելով այն տեղեկությունը, որ իրենք երեկ եղել են ՀՔԾ-ում: «Ես երկրում չեմ, Մոսկվայում եմ»,- ասել է Խաչիկ Մանուկյանը, ապա պնդել, որ ինքը ներկա չի եղել միջադեպին, ուստի իրեն անիմաստ է հարցաքննության կանչելը: «Ի՞նձ ինչու պետք է հարցաքննեն»,- զարմացել է Տավուշի մարզպետը՝ դարձյալ պնդելով, որ ինքը Սյունիքի մարզպետի՝ գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու պահին «Մարիոթ» հյուրանոցում չի գտնվել:

Հիշեցնենք, որ դեպքից հետո Սիլվա Համբարձումյանը լրագրողներին պատմել էր, որ իրեն հարվածելու պահին հյուրանոցում են եղել հանրապետականներ Խաչիկ Մանուկյանն ու Սամվել Սարգսյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Ավելի ուշ՝ Մանուկյանն ու Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էին, որ իրենք պատահաբար հյուրանոցում են եղել, սակայն պնդել էին, որ հարվածելու պահը չեն տեսել»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: