Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ ժամանեց Դանիա, որտեղ Կոպենհագենում մասնակցել է Հայաստանի դեսպանատան բացմանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունի NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի դեսպանատան պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել Դանիայի Եվրոպական հարցերով նախարար Նիկոլայ Վամենը, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դեսպաններ, հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Ելույթ ունենալով բացման արարողությանը` նախարար Նալբանդյանը նշել է. «Բարձրացնելով Հայաստանի դրոշը Դանիայի մայրաքաղաքում` մենք նաեւ բարձրաձայնում ենք մեր հավակնությունն որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու երկկողմ հարաբերությունները»:

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է հայ-դանիական պատմական առնչություններին, Հայոց ցեղասպանության տարիներին դանիացի միսիոներների կողմից հայ գաղթականների եւ որբերի հանդեպ ցուցաբերած մարդասիրությանը, 1988 թ. երկրաշարժից հետո Հայաստանին Դանիայի կողմից ցուցաբերած օգնությանը, ինչպես նաեւ անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանն ուղղված աջակցությանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ դեսպանությունն իր լուրջ ներդրումը կունենա բարեկամ Դանիայի հետ համակողմանի հարաբերությունների խորացման գործում: ՀՀ դեսպանության բացման արարողությանը ելույթ ունեցավ նաեւ Դանիայի Եվրոպական հարցերով նախարար Նիկոլայ Վամենը: Իր խոսքում նախարար Վամենը նշելէ, որ սա յուրահատուկ օր է, քանի որ դեսպանություններ ամեն օր չեն բացվում, իսկ վերջին անգամ Կոպենհագենում նման իրադարձություն տեղի էր ունեցել 2007թ.: Նա բարձր գնահատեց Դանիայում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների որոշումը: Նիկոլայ Վամենն եւս իր խոսքում անդրադարձավ հայ-դանիական պատմական կապերին, դանիացի միսիոներների մարդասիրական գործունեությանը, գոհունակություն հայտնեց այսօր ակտիվորեն զարգացող Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները լուրջ զարգացում կապրեն: