Պետք չէ մտածել, որ Հայաստանի վարչապետը կուսակցական գործունեություն է իրականացնում` ի վնաս վարչականի: Նոյեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք է արտահայտել Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանը:
Պատասխանելով լրագրողներից մեկի դիտողությանն այն մասին, որ վերջերս Տավուշի մարզի Բերդ քաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետը ՀՀԿ միջոցառում է անցկացրել, պատգամավորը նշել է, որ օրենսդրությունը նման գործունեությունը չի արգելում:
«Դա կարելի էր ոչ ճիշտ համարել այն պարագայում, եթե այցերի ընթացքում հիմնական ժամանակն ու ջանքերը հենց կուսակցական միջոցառումների վրա վատնվեին: Եթե, ինչպես այս դեպքում է, իր աշխատանքային այցի օրակարգի ավարտին կառավարության ղեկավարը կուսակցական միջոցառում է իրականացնում, դրանում ոչ մի դատապարտելի բան չկա: Պետք չէ մոռանալ, որ վարչապետը նաեւ քաղաքական գործիչ է: Դուք չեք պահանջում, չէ՞, որ վարչապետը, Բերդից Երեւան վերադառնալուց հետո (166 կմ – խմբ.), կառավարական ավտոմեքենայից տեղափոխվեր կուսակցական ավտոմեքենա եւ կրկին Բերդ մեկներ», -հավելել է Զաքարյանը:
Իր հերթին դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը մատնանշել է կուսակցական աստիճանակարգության եւ կրթական համակարգի սերտ համաձուլումը:
«Ամբողջ այդ համակարգը` բուհի հավաքարարից մինչեւ ռեկտոր, աշխատում է կուսակցական ապարատի եւ ընտրության արդյունքների համար: Դպրոցական դահլիճները, ինչպես վերը նշված դեպքում էր, օգտագործվում են այս կամ այն կուսակցության անդամատոմսերը հանձնելու համար: Նա, ով չի ցանկանում ընդգրկվել կուսակցություններից որեւե մեկում, վարչական մեքենային լավագույնս ճանաչում է գործողության մեջ. նրա երեխաները զրկվում են աշխատանքից, նրան այս կամ այն առիթով փորձում են հեռացնել, նրա դուռը հարկայինն է բախում եւ այլն», –նշել է Լիլիթ Գալստյանը:


























