Ադրբեջանի Միլլի Մեջլիսում բյուջեի նախագծի քննարկումից հետո Պաշտպանության նախարարությունում լուրջ պայքար է սկսվել հատկացված գումարների համար: Ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը գրում է, որ Ադրբեջանում պետբյուջի տրամադրած գումարները փոխանցվում են նախարարությունների ամենազդեցիկ խմբավորումներին:

«Պայքարը հատկապես լարված է ընթանում ՊՆ-ում, քանի որ պետությունը զինվորական գերասեսչությանը 1 միլիարդ 3 հարյուր միլիոն գումար է հատկացնում: Այժմ էլ նախարար Սաֆար Աբիեւի, Գլխավոր շտաբի պետ Նեջմեդին Սադըգովի եւ նախագահի ռազմական հարցերով խորհրդական Վահիդ Ալիևի խմբավորումները պայքարում են այդ գումարների վերահսկողությունը ստանձնելու համար»,-գրում է «Պոլիգոնը»:

Խմբավորումներից մի քանիսը միավորվելով հանդես են գալիս Աբիեւի դեմ եւ սկսել են ճնշում գործադրել նրա վրա մամուլի միջոցով: «Սակայն Աբիեւը չի պատրաստվում հանձնվել, ուստի եւ ՊՆ մամուլի ծառայությունը բանակցություններ է սկսել տարբեր լրատվամիջոցների հետ աբիեւամետ քարոզչություն սկսելու համար»,- եզրափակում է «Պոլիգոնը»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Սաֆար Աբիեւին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու վերաբերյալ: